Կան անհատականություններ, որոնց համար ժամանակնանցյալ չունի. ժամանակը միշտ անցնում է նրանց միջով եւ նրանցով կամրջում ավանդականն ու արդիականը, ազգայինն ու համամարդկայինը, անձնականն ու անանձնականը։ Այդպիսի անհատներից մեկն էլ մեզանում Վարդգս Սուրենյանցն է, հիրավի ճշմարիտ մի մտավորական ու նկարիչ, որի ստեղծագործական ժառանգությունն ամուր հիմնաքարի նման իր վրա է կրում հայ գեղարվեստական մտքի լավագույն ու մշտամնա դրսեւորումներն ու առանձնահատկությունները՝ դարավորի մեջ նորը, նորի մեջ վաղնջականն ապրեցնելով։

Ծնվել է 1860 թ. Ախալցխայում։ Սովորել է Լազարյան ճեմարանում,

ապա՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Կրթությունը շարունակել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ գեղանկարչության բաժիններում։

Հավասարապես ստեղծագործել է կերպարվեստի համարյա բոլոր բնագավառներում՝ գեղանկար, գրաֆիկա, բեմանկար, քանդակ։

Խորապես յուրացնելով ժամանակի եվրոպական, առավելապես մյունխենյան եւ ռուսական մշակույթի առաջադիմական ավանդույթները՝ Սուրենյանցն առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ հայկական գեղանկար ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես մոդեռն ոճի որոշ հնարներ։ Ռուսաստանում ստեղծագործական ասպարեզ մտած, պերեդվիժնիկների ընկերության անդամ եւ նրանց համոզված գաղափարակից նկարիչը, սակայն, երբեք չօտարացավ, չհեռացավ իր ազգային արմատներից, չտրվեց օտար քաղաքակրթությունների գայթակղությանը՝ թերեւս ավելի մեծ անուն ու հռչակ ձեռք բերելու ակնկալությամբ։ Որպես ստեղծագործող անհատ, որքան էլ միտքը զբաղեցրած լիներ կերպավորման զանազան խնդիրների արծարծումներով, այնուամենայնիվ նրա արվեստի հիմնական մոտիվը հայ իրականությունն էր, սեփական ժողովրդի անցած ճանապարհն ու ողբերգական ճակատագիրը։ Նրա գունային ու հորինվածքային ողջ կառույցը սերվել էր հայկական միջնադարյան արվեստի ակունքներից, ժողովրդական կենսակերպի նրբերանգներից ու հայրենի՝ խիստ ու վեհաշուք բնության տպավորություններից։

Բացառիկ է Սուրենյանցի դերը պատմական թեմաներով գեղանկարչության զարգացման գործում։ Հիշենք նրա «Ֆիրդուսին կարդում է «Շահնամեն» Մահմուդ Ղազնեւացուն» սքանչելի գործը։ Նրա՝ հայ ժողովրդի պատմության զանազան դրվագները պատկերող բարձրարվեստ կոմպոզիցիաները («Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ոտնահարված սրբություն», «Շամիրամը Արա Գեղեցկի դիակի մոտ», «Հայ գաղթականները» նկարաշարը եւ այլն) ազգային թեմատիկ նկարի կուլտուրան հասցրին միջազգային մակարդակի։ Սուրենյանցը նաեւ 19-րդ դարի ամենանշանավոր հայ բնանկարիչն է, ժանր, որտեղ լավագույնս դրսեւորվեցին Սուրենյանցի գեղարվեստական հնարների ու գունային լուծումների ներդաշն համադրումները («Հռիփսիմեի վանքը», «Քասախ գետը», «Օշական»,«Անկյուն Իսպանիայում»

Նրա ստեղծագործական ժառանգության մեջ խիստ հետաքրքիր տեղ են զբաղեցնում Մոսկվայի գեղարվեստի, Պետերբուրգի Վ. Կոմիսարժեւսկայայի, Մարինյան թատրոնների բեմադրությունների ձեւավորումները, որոնցում նկարիչը կարողացել է սքանչելիորեն հաղորդել միջավայրի եւ գործող անձանց ժամանակային ու հոգեբանական այն մթնոլորտը, որն ամբողջացնում, ի մի է բերում գրական գործի բովանդակային ողջ ուղղվածությունը։ Իսկ նրա Ալ. Ծատուրյանի «Գրչի հանաքներ», Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը», Օ. Ուայլդի «Երիտասարդ թագավորը», «Արքայադստեր ծննդյան օրը» եւ «Հայկական հեքիաթներ» գրքերի նկարազարդումները գրքային արվեստի իսկական գոհարներ են։

Սուրենյանցի գեղանկարչական ժառանգության մեջ թե՛ իրենց քանակով եւ թե՛ նշանակությամբ, հիրավի, բացառիկ է քրիստոնեական, եկեղեցական թեման։ Ծնված ու դաստիարակված լինելով հայ քահանայի, կրոնի պատմության ուսուցչի ընտանիքում՝ նա խորապես գիտեր՝ ինչ է քրիստոնեությունը, ինչ դեր է կատարել Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում։ Նրա ապրած ժամանակաշրջանը թեւ հիմնականում շատ չէր տարբերվում նախորդ դարերից, սակայն միաժամանակ աննախադեպ էր իր օրհասականությամբ։ 1915 թ. եղեռնից հրաշքով մազապուրծ եղած հայ ժողովրդի մի հատվածը կրկին ապավինեց Էջմիածնին, կրկին եւ այն էլ որերորդ անգամ Մայր տաճարը դարձավ համայն հայության հույսի ու փրկության կենտրոնը։ Եվ արվեստագետն էլ, որպես ճշմարիտ հայրենասեր, որպես ազգի լավագույն մտավորականներից մեկը, չէր կարող ծնկի չիջնել Հայոց Հայրապետի առջեւ եւ չստանալ իր անելիքի պատվիրանը, չէր կարող իր խոնարհումը չբերել մարտիրոսվող, բայց նաեւ փյունիկվելու դարավոր փորձ ունեցող իր ժողովրդին, մանավանդ որ տեսել եւ ողջ էությամբ ապրել էր նաեւ նախորդ դարավերջի կոտորածների մորմոքը։ Քրիստոնեության համամարդկային վեհ գաղափարախոսությունը հարազատ էր նկարչին, հարազատ ոչ միայն նրա համար, որ դա իր ժողովրդի, առաջադեմ մարդկության ընտրած ճանապարհն էր, այլ որ՝ քրիստոնեությունը հենց իր էության բուն հիմնաքարն էր, իր բարոյական կեցվածքի խարիսխն ու ոգու ազատությունը։

Քրիստոնեական թեման Սուրենյանցի արվեստում մասնավորապես ի հայտ եկավ 1900-ական թվականներից։ Օսմանյան կայսրության հակահայ բիրտ քաղաքականությունը, որն ամենեւին չէր շրջանցում նաեւ այլ քրիստոնյա ժողովուրդներին, իր մեջ ավելի հեռուն գնացող վտանգ ուներ. անարդարության մասին մտորումներն ու ապրած ցավի ուժգնությունը ժողովրդին կարող էր մղել հուսահատության ու տանել Աստծուց հեռանալուն։ Իր պատմությանը քաջատեղյակ նկարիչը չէր կարող չխորհել ժողովրդի ու Եկեղեցու միջեւ անհրաժեշտ կապի, նախնյաց հավատին անվերապահորեն հավատարիմ մնալու մասին։ Նա թեեւ հավատում էր իր ժողովրդի դարավոր փորձին, հավատում էր Հայոց Հայրապետի, իր օրերին առավելապես Խրիմյան Հայրիկի եւ Գեւորգ Ե կաթողիկոսների իմաստությանը, բայց ոչ պակաս կարեւորում էր նաեւ մտավորականության կատարելիք գործն ու պահվածքը, երբ դրսում թշնամին չի պատրաստվում երբեւէ սուրը պատյանը դնել։ Խաչյալի անմահության գաղափարի մասին խոսելը նաեւ անհատի, մտավոր ու մտահոգ անհատի պարտքն էր։ Եվ խոսեց նկարչի վրձինը։ Վերստին հիշենք Սուրենյանցի «Հռիփսիմեի վանքը» կտավը, ինչը միայն ճարտարապետական կոթողի գեղանկարչական փայլուն վերարտադրություն չէ, այլ հավատի սյուն, հավերժության խորհրդանիշ։ Այս գաղափարն են իրենց մեջ կրում նաեւ նկարչի «Թափորի ելքը Էջմիածնի տաճարից», «Լքյալը», «Երկրպագություն խաչին», «Անիի կանանց ելքը եկեղեցուց» աշխատանքները, ուր եկեղեցական ճարտարապետության դրվագների պատկերումների շնորհիվ նկարիչը շեշտում, ուժգնացնում է հոգեւորի ու մտավորի այն ներդաշնությունը, որ կարող է ազգի գոյության լավագույն առհավատչյան լինել, ազգի հավերժության այն աներկբայությունը, որով նա ի զորու է սանձահարել բոլոր մարտահրավերները։ Այս շարքում առանձնակի տեղ ունի «Ոտնահարված սրբություն» մեծադիր կտավը՝ ստեղծված 1895 թվականի կոտորածի անմիջական տպավորության տակ։ Գազանաբարո ու վայրագ թշնամին իր հետեւից եկեղեցու պատերից ներս թողել է սպանված հայ հոգեւորականին, պոկված ու կախ ընկած բեմի վարագույրը, սալահատակին անարգված ու շաղ տրված Սուրբ Գրքերը, մոմն ու բուրվառը… Սակայն կանգուն են եկեղեցու պատերն ու պատին ագուցված խաչքարը, սրբապատկերն ու վիմական արձանագրությունները, այսինքն՝ հայոց հանճարը՝ իր ողջ վեհությամբ ու գեղեցկությամբ, էությամբ ու բովանդակությամբ, գալիքին նայող աներկբա հաստատակամությամբ։ Մեկ ու կես միլիոն կյանքը չէ հավերժողը, այլ դեպի մեծ կյանքը տանող ճշմարիտ ուղին, այն ոգեղեն ու անժամանակյա հունդը, որ ծլարձակում ու բերք է տալիս Ժամանակի մեջ ու միավորվում Նրան՝ դառնալով հավերժության ու հավիտենության ուղեկիցը։ Սա էր Սուրենյանց մտավորականի կրկնելիքը ապրողներիս։

Սուրենյանցի ոչ միայն քրիստոնեական թեմաների, այլեւ ողջ ստեղծագործական ժառանգության մեջ առինքնող հմայք ու հնչեղություն ունի «Աստվածամայրը գահի վրա» հանրահայտ աշխատանքը։ Անշուշտ, թե՛ կոմպոզիցիոն հիմնական կառույցը եւ թե՛ ինքը՝ Տիրամայրը, ավանդական պատկերացումների սահմաններից դուրս չեն, սակայն ինչպես Նարեկացու, նույնպես եւ նկարչի Տիրամայրը միանգամայն կոնկրետ է իր նկարագրի մեջ, միանգամայն հողեղեն ու կենդանի։ Սուրենյանցի Աստվածամայրը հայուհի է, հայակերտ գահին նստած, ոտքերի տակ՝ հայկական գորգ, հետնամասում՝ հայկական կառույց, հեռվում՝ երեւացող հայկական լեռնային բնաշխարհ։ Մանկամարդ ու լուսափթիթ դեռատուհին՝ որպես Աստծո մայր, որպես բարեխոս սուրբ, խիստ մտերմիկ ու հասանելի է։ Ուշագրավ է Աստվածամոր ու մանուկ Հիսուսի զարմանալի նմանությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է, որ նկարիչը անմեղության ու անարատության նույնակերպ արտահայտության հետ մեկտեղ թե՛ մորը եւ թե՛ Մանկանը պատկերել է նաեւ անստվեր խոհունությամբ։ Ամենեւին ո՛չ։ Սուրենյանցի համար Հիսուսը՝ մանուկ թե հասուն այր, Աստծո Որդին է՝ Աստված, եւ բնականաբար տարիք չունի։ Նկարչի աստվածաշնչյան պատումների գեղանկարչական վերարտադրումներից («Սալոմե», «Ավետում» (երկու տարբերակ), «Խաչելություն», «Գեթսեմանիի աղոթքը») կարելի է առանձնացնել «Եկայք առ իս…» կտավը, որի բուն ասելիքը հասցեագրված էր հենց իր՝ յաթաղանից մազապուրծ եղած, հուսահատության ու շփոթության մեջ գտնվող ժողովրդին։ Նկարչի խիստ մարդկայնացված Քրիստոսը մարդկային բոլոր տառապանքների ու ցավերի խորապես կրողն է եւ այդ ամենն ու ավելին Իր մեջ ներփակած, առավել պակաս վաստակածներին, բեռնավորվածներին դեպի Իրեն է կանչում՝ սեր ու հանգստություն, ջերմություն ու խաղաղություն տալու համար։ Նկարչի Քրիստոսից, որպես Աստծո Որդուց, հիրավի, հայրական մեծ գութ ու ողորմություն, անշահախնդիր սեր ու քնքշանք է բխում։ Անտարակույս, կերպարը մարմնավորված է Տիրոջ անձը հենց այդպիսին ճանաչելու հաստատ հավատով։ Այդ հավատով են շնչում նաեւ նկարչի բոլոր կրոնական թեմաներով արված գործերը։

Սուրենյանցի դիմանկարային գործերի մեջ իր առանձնակի տեղն ունի «Խրիմյան Հայրիկը»։ Գահաթոռին նստած ծերունազարդ Հայրիկը չափազանց առինքնող է։ Նա, ասես, իր բարի ու խոհուն աչքերի մեջ թաքցրած պահում է տառապյալ հոգու ճիչը, ամուր բռունցքված ձեռքերում՝ մղկտացող ցավի շիթը, իսկ հատակին նետված նամակում՝ իր համայն հոտի ընդվզումը՝ հզորների անբարո կեցվածքի դեմ։ Ամբողջության մեջ Հայոց Հայրապետը մի ողջ ժողովրդի հոգեւոր ու բարոյական վեհ կեցվածքի կրողն է՝ Խաչյալի անմահության ու մեծ սիրո կնիքը դեմքին։

Սուրենյանցը, շնորհիվ բացառիկ օժտվածության, լայն մտահորիզոնի, բազմակողմանի ու խոր գիտելիքների, բազում լեզուների իմացության (տիրապետել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն լեզուներին), ոչ միայն կերպարվեստում, այլեւ հայ մշակույթի մյուս հիմնական բնագավառներում թողեց իր անջնջելի հետքը։ Նրա ճարտարապետության, կերպարվեստի տարբեր խնդիրներին անդրադարձող հոդվածներն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու թարմությունը։ Նույնը համարձակորեն կարելի է ասել նրա՝ բնագրերից կատարած թարգմանությունների մասին (Շեքսպիր, Հայնե, Գյոթե, Ուայլդ)։

Ընդհանրապես Սուրենյանցի ստեղծագործական ողջ ժառանգությունը՝ իր ինքնատիպ ու առինքնող ձեռագրով, թեմատիկ ու գաղափարական բովանդակությամբ, սեփական ժողովրդի վաղվա օրվա հանդեպ հավատով, անմնացորդ նվիրումով մատուցված ծառայություն է, որի արժեքը հայ կերպարվեստի եւ քրիստոնեական մշակույթի մեջ անկրկնելի է եւ ցավոք դեռեւս ըստ հարկի չուսումնասիրված։

 

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Թողնել մեկնաբանություն