Գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, 1944 թվականից Նկարիչների միության անդամ Հեղինե (Ելենա) Աբրահամյանն օրերս (նոյեմբերի 23) բոլորեց իր ծննդյան մեկ դարը։ Պատմական Կարս քաղաքում ծնված նկարչուհու համար իր ապրած դարն ասես անցել է կողքով ու կարողացել է միայն հյուծել մարմինը, փոքր-ինչ ստվերել լսողությունն ու տեսողությունը, սակայն անզոր է գտնվել վնասելու նրա զարմանալի պայծառ հիշողությունը, միտքն ու բանականությունը։ Երբ զրուցում ես նրա հետ, թվում է՝ կողքիդ առույգ, կենսախինդ ու միանգամայն երիտասարդ կին է՝ օժտված ոչ միայն հստակ մտածելու, վերլուծելու կարողությամբ, այլեւ հումորի նուրբ զգացողությամբ։ Եղեռն տեսած, հայրական տունն ու մանկության լուսավոր արահետները կորցրած, բազում փորձությունների ու զրկանքների միջով անցած այս փոքրամարմին կնոջ կողքին ամաչում ես խոսել քեզ հուզող առօրյա հոգսերից ու խնդիրներից. դրանք այնքան փոքր ու ճղճիմ են թվում նրա տեսածի ու ապրածի համեմատությամբ։ Ապրում է մենակ՝ անտրտունջ ու արժանապատիվ, իր հուշերի, խոհերի, իր վրձնած բազմաթիվ կտավների հարեւանությամբ։

Օգտվելով մեր ժամանակների ընձեռած հնարավորություններից՝ զբաղված է պապի՝ Ղարսի եկեղեցու երկարամյա հովիվ Խորեն ավագ քահանա Ստամբոլցյանի գրական ժառանգության հրատարակման խնդիրներով։ Ութ տարեկանում մորը կորցրած Հեղինեի լավագույն հիշողությունները կապված են պապի՝ ժամանակի խիստ ուսյալ եւ նվիրյալ հոգեւորականներից մեկի հետ, ով ոչ միայն օժտված էր գրական շնորհով (նրա ձեռագրերի մեծ մասը թուրքերն այրել են), այլեւ նկարչական (Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին եւ մի տետրում «հավաքել» ավերակների վրա պահպանված զարդամոտիվներն ու որմնաքանդակների գծապատկերները, որոնք, ցավոք, կրկին այրել են մեր «քաղաքակիրթ» հարեւանները), զբաղվել է նաեւ մանկավարժությամբ։ Ուստի պատահական չէր, որ Լուսավորության նախարարի պաշտոնը խոստանալով՝ «Քաղբյուրոն երկու անգամ կանչել է Տ. Խորեն ավ. քահ. Ստամբոլցյանին իր գրասենյակը եւ ստիպմամբ պահանջել, որ նա «Ազատ եկեղեցու» ընկերություն հիմնի։ Տ. Խորենը բացեիբաց, ըստ իր սովորության՝ մերժել է… Եթե Խորեն ավ. քահանայի նման մարդուն հանդգնում են առաջարկ անել բռնության ձեւով, ի՛նչ չեն անի փողի գերի քահանաների հետ հենց կաշառքի միջոցով»,- 1927 թ. ապրիլին Էջմիածնի Գերագույն հոգեւոր խորհրդին ուղղված իր զեկույցում գրում է Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպս Սմբատյանը (Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության (1921-1933 թթ.), Եր., 1994 թ.)։ Այս զեկույցիծ մեկ ամիս անց՝ մայիսին տեր Խորենը վիրահատական սեղանին կնքում է իր մահկանացուն։

Հեղինեն մասնագիտական կրթությունը սկզբնապես ստացել է Երեւանի Գեղարդ տեխնիկումում, ապա սովորել Լենինգրադի գեղնկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1940 թ.։ 1936 թ. անընդմեջ մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսներին։ Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց տասնամյակներ շարունակ դասավանդել Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում։ Մեր հանրապետության նշանավոր նկարիչներից շատ-շատերը նրա սաներից էին եւ մշտապես սիրով ու ակնածանքով էին խոսում իրենց ուսուցչուհու մասին։

Հեղինե Աբրահամյանը մեր կերպարվեստի այն սերնդի ներկայացուցիչներից է, ով ստանալով լուրջ ու հիմնավոր նկարչական կրթություն՝ ստիպված էր ստեղծագործական իր ազատությունը ենթարկել սոցռեալիզմի պահանջներին՝ շեշտադրումը դնելով լոկ մասնագիտական հմտությունների ու գիտելիքների վրա։ Նա ոչ միայն լսածով, այլեւ հարազատների ու ազգականների խաթարված ճակատագրերով գիտեր, թե ինչի է ընդունակ խորհրդային գաղափարախոսության արյունառեխ մեքենան։ Այնուամենայնիվ, ժամանակի թելադրած թեմաների շրջանակում, նա կարողանում էր նրբորեն շրջանցել պարտադրվող անհարազատ նյութն ու վրձնել միայն իր կողմից առավել ընդունելի հայրենի բնության կուսական գեղեցկությունը՝ լեռնային լանդշաֆտի վեհաշուք ձեւերը, լճերի, հովիտների արեւակոփ գունափոխումները, ծառ ու ծաղկի նրբերանգները, ինչպես նաեւ վանքերի ու եկեղեցիների դարահունչ ու հարազատ կառույցները եւ իրենց առօրյա հոգսերով ապրող գյուղի մարդկանց։ Նկարչուհու պատկերասրահում քիչ չեն նաեւ հին Երեւանի բակերն ու գողտրիկ անկյունները պատկերող գործերը։

Յուրացնելով 20-րդ դարի ռուսական առաջադիմական արվեստի լավագույն ավանդույթները՝ գեղարվեստական ռոմանտիկ մտածողությամբ օժտված նկարչուհին դրանք կարողացավ նրբորեն համադրել ազգային ավանդույթներից բխող գեղանկարչական մտածողության հետ։ Նրա գործերը, որոնք հիմնականում առանձնանում են տպավորությունների սուբյեկտիվ թարմությամբ, համահավաք հորինվածքով, գունային համադրությունների ներդաշնությամբ ու այն սիրով, որ առ այսօր նկարչուհին տածում է իր հայրենակիցների ու հայրենի բնության հանդեպ, հիմնականում պլեներային գեղանկարչության նմուշներ են։

Նկարչուհու գործերը պարզ ու անպաճույճ պատումներ են՝ միանգամայն հավաստի ու անհավակնոտ։ Կտավին վրձնի յուրաքանչյուր հպում յուրովի ապրված է, դրոշմված անմիջական տպավորության կնիքով, տոգորված կենդանի ու օդառատ շնչառությամբ («Բակ հին Երեւանում», «Կոլխոզի կալը», «Սեւանը Ախկալայից», «Գյուղի ծայրին», «Հռիփսիմեի վանքը», «Այրիվանք», «Միջօրե» եւ այլն)։ Նման շատ գործերում նկարչուհուն հաջողվել է վեր հանել պատկերվող տեղանքի բնակառուցվածքային շունչն ու ոգին՝ պահպանելով դրանց ոչ միայն գծային, այլեւ գունային անցումների ողջ նրբությունները։ Նա թեպետ չհանդգնեց նոր խոսք ասել կերպարվեստում, չփորձեց կոտրել ավանդական ակադեմիական նկարչության ընդունված հնարներն ու մոտեցումները, սակայն կարողացավ ստեղծել գործեր, որոնք գերում են դիտողին իրենց կոմպոզիցիոն ամուր կառույցով, գունային համադրությունների ճշգրիտ ու ներդաշն զուգորդումներով, գծի ու ուրվագծի, մասշտաբների ու հեռանկարի հավաստի մշակմամբ։

Նկարչուհու արվեստում զգալի տեղ է հատկացված նատյուրմորտին։ Նատյուրմորտը կերպարվեստի՝ առաջին հայացքից հեշտին թվացող այն ժանրն է, որ կերպավորման առումով բավականին բարդ գունածավալային լուծումներ է պահանջում՝ «մեռյալ» կոչվող բնությունը կենդանացնելու, նրան շունչ ու ոգի հաղորդելու առումով։ Եվ եթե հանձն ես առել, պիտի ջանաս, որ բնությունից, հարազատ միջավայրից կտրված առարկանները գույնի ու գունաթույրի վրձնահարվածներից շարժունություն ձեռք բերեն, օդն ու լույսը խաղան պատկերվող ծաղկաթերթերում ու իրերի ծավալաձեւերում։ Հեղինեի նատյուրմորտները հենց այսպիսին են, հենց այս լուծումներով են գերում դիտողին («Թրաշուշաններ», «Նռներով նատյուրմորտ», «Անմոռուկներ», «Երիցուկներով նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» եւ այլն)։

Իսկ այսօր, երբ մեկ դարը ծրարել ու ոտք է դրել իր հաջորդ դարի շեմին, գեղանկարչուհի Հեղինե Աբրահամյանը շարունակում է անտրտունջ ու հավատով ապրել իր օրը եւ այն էլ՝ ոչ թե ստանալու, այլ տալու պատրաստակամությամբ։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

1 responses

Թողնել մեկնաբանություն