ԵՎ ՀՈՎՀ. ԵՐԶՆԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկական վերածնունդն իր առավել խոր արտահայտությունն ստացել է 13-16-րդ դարերի հայ քնարերգության մեջ: Քնարական բանաստեղծությունն այս շրջանում ձեռք բերեց գեղարվեստական այնպիսի նվաճումներ, որոնք, ըստ հայ պոեզիայի գիտակ Վալերի Բրյուսովի, յուրաքանչյուր կրթված մարդու համար պարտադիր է իմանալ, ինչպես Հոմերոսին, Դանթեին եւ համաշխարհային պոեզիայի մյուս մեծերին
(Վալերի Բրյուսով, Հայաստանի եւ հայ կուլտուրայի մասին, Երեւան, 1967, էջ 39)։ Նշված դարերում հայ բանաստեղծությունը հասնում է թեմատիկ լայն ընդգրկումների եւ գեղարվեստական բացառիկ արտահայտչականության: Հանդես են գալիս հարյուրավոր բանաստեղծներ, որոնց ընդունված է անվանել տաղերգուներ կամ տաղասացներ: Հոգեւոր թեմաների հետ արծարծվում են մանավանդ աշխարհիկ թեմաներ` սերն ու բնությունը, կյանքն ու մահը, անհատի դրաման, պանդխտությունը եւ այլն:

Այս շրջանի հայ բանաստեղծության լեզուն գերազանցապես միջին հայերենն է, որն ունեցել է իր տարբերակները` միմյանցից ինչ-որ չափով տարբերվող, օրինակ՝ Կիլիկիայի սահմաններում գործածական գրական միջին հայերենը տարբերվում է Բարձր Հայքի եւ Արեւելյան Հայաստանի տարածքներում կիրառված միջին հայերենից. նրանից ինչ-ինչ տարբերություններ ունի ղրիմահայոց եւ լեհահայոց միջին հայերենը` չնայած բոլորի քերականական կառուցվածքը միասնական է: Գրաբարը եւս գործածվում է քնարերգության մեջ, բայց անչափ պարզեցված ու մատչելի դարձած: Բնիկ հայ բառապաշարի շրջանակներ են մուտք գործում նաեւ օտար բառեր` մեծ մասամբ պարսկերենից ու արաբերենից, ինչ-որ չափով նաեւ թուրքերենից: Այդ բառերն արհեստականորեն չեն մուծվում, այլ նախ եւ առաջ գործածական են դարձել բուն ժողովրդական խոսվածքում:

Նարեկացուց ու Շնորհալուց հետո բանաստեղծությունն առաջաքայլ է կատարում նաեւ տաղաչափության ու հանգավորման ասպարեզում` երեւան բերելով ձեւերի հարստություն եւ բազմազանություն: Այս առումով շատ բնորոշ է Հովհաննես Երզնկացու ստեղծագործությունը: Հովհաննես Երզնկացին, որ կոչվել է նաեւ Պլուզ մականունով, ապրել եւ ստեղծագործել է 13-րդ դարում եւ եղել է Բարձր Հայքի Երզնկա քաղաքից: Ծննդյան թիվն անհայտ է, բայց եթե հաշվի առնենք, որ 1268-ին նա արդեն վարդապետական աստիճան ուներ, մի կոչում, որ տրվում է միայն երեսուն տարին բոլորելուց հետո, ուրեմն նա ծնված պետք է լինի մոտավորապես 1238 թ. կամ մի փոքր առաջ: Նրա ուսուցիչներից մեկը եւ գլխավորը եղել է գիտնական ու պատմիչ Վարդան Արեւելցին:

Երզնկացու կյանքն անհանգիստ եւ թափառումներով է անցել, մե՛րթ նա Երզնկայի մոտ գտնվող Սեպուհ լեռան վանքերում է, մե՛րթ Կիլիկիայում, որտեղ Հեթում թագավորի ու հայոց կաթողիկոսի խնդրանքով գրում է տարբեր աշխատություններ, ի թիվս որոնց եւ Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» հայերեն ընդարձակ մեկնությունը, մե՛րթ էլ՝ Տփղիսում կամ Արեւելյան Հայաստանի վանքերում: Հիշարժան է 1280-ը, երբ նա գրում է Երզնկայի վաճառականների եւ արհեստավորների մասնակցությամբ կազմված «Եղբարց միության» սահմանն ու կանոնադրությունը:

Արհեստավոր եւ առեւտրական խավի մարդիկ, առավելապես երիտասարդները այդ թվականին ստեղծել էին մի ընկերություն, որի նպատակն էր վտանգի դեպքում ապահովել քաղաքի պաշտպանությունը, օգնել նեղության մեջ գտնվողներին, համախմբվել եկեղեցու շուրջը եւ հետամուտ լինել բարոյական բարձր պարտականությունների: Կազմակերպությունը յուրահատուկ կառույց ուներ: Ներքին բաժանումներով կային այսպիսի կոչումներ` տասին գլուխն, քառասունին մեծն, գլխավորք եղբարցն, եւ ամենամեծ պաշտոնյան, որը կոչվում էր գլուխ եղբայրության: Կազմակերպության մեջ մտնող բոլոր մարդիկ կոչվում էին եղբայրներ: Երզնկացու «Սահման եւ կանոնքը» հայտնաբերվելուց հետո միայն պարզ դարձավ, թե ովքեր են այն եղբայրները, որոնք մի այլ բանաստեղծից` Կոստանդին Երզնկացուց խնդրել են գրել «սիրո բաներ» (Կոստանդին Երզնկացի, Տաղեր, Երեւան, 1962, էջ 67)։ Ուրեմն դրանք վանական եղբայրներ չէին, այլ աշխարհիկ եղբայրներ:

Քիչ անց` 1284 թ. Երզնկացին հայտնվում է Տփղիսում, որտեղ Ումեկ իշխանի կառուցած հայկական Կաթողիկե եկեղեցում փայլուն տիեզերագիտական ճառ է արտասանում՝ Ումեկի որդի Վախթանգի խնդրանքով: Այդ ճառն արձակ շարադրանքով գրառվել եւ մեզ է հասել: Բայց Երզնկացին Ապլոցի իշխանի բուռն ցանկությամբ շարադրել է նաեւ դրա հոյակապ չափածոն, որը լայն պատկերացումներ է տալիս տիեզերքի կառուցվածքի, երկնային լուսատուների մասին: Այդ գործը կոչվում է «Յաղագս երկնային զարդուց»:

Հովհ. Երզնկացին ժամանակակիցների մեջ բացառիկ հեղինակություն է վայելել: Ըստ երեւույթին կարճ հասակ է ունեցել, դրա համար էլ նրան տվել են Պլուզ մականունը, որը ոչ միայն կարճահասակ է նշանակում, այլեւ կապուտաչվի:

Երզնկացին թողել է բազմաբնույթ եւ հարուստ ժառանգություն. նա գրել է մեկնություններ, կանոնախրատական աշխատություններ, ճառեր, ներբողներ, քնարական բանաստեղծության տարբեր տեսակներ, շարականներ, տաղեր, գանձեր, իմաստասիրական հայրեններ եւ այլն: Իբրեւ ստեղծագործող` նա անդրադարձել է ժամանակի հայ հանրությանը հուզող զանազան խնդիրների: Լեզուն գրաբարի եւ միջին հայերենի խառնուրդն է՝ անցման շրջանի լեզու: Նա հեռու է խրթնաբանություններից, ձգտում է արտահայտվելու այնպես, որ բոլորի համար իր գրածը մատչելի լինի: Հովհ. Երզնկացին իր քնարական ստեղծագործությամբ ընդառաջ է գնացել եւ արհեստավոր ու առեւտրական եղբայրների գրական պատվերներն է կատարել: Սիրում է խրատել. հիշարժան է նրա մի բանաստեղծությունը, որը գրված է Հակոբ անունով մանկտավագի պատվերով: Երզնկացին կոչ է անում.

 

Աշխարհս ծով է անհուն,

 

 Է՞ր կու լինիս անհոգ ի քուն,

Մեղայ ասա եւ կաց արթուն.

Յակոբ, զարթի՛ր ի քնոյ մեղաց(Հովհաննես Երզնկացի, Բանք չափաւ, Երեւան, 1986, էջ 50):

Երզնկացին շատ է սիրել երեխաներին, սովորող մանուկներին, մտածել, որ նոր-նոր գիտակցության եկող երեխայի նկատմամբ պետք է հոգատար լինել: Երեխաների միտքը, ասում է նա, մոմի նման կակուղ է լինում, պետք է այն կնքել ուսումով, որ հետագայում աստիճան առ աստիճան ամրապնդվի ու զորանա բանականությամբ:

Երզնկացուն մշտապես զբաղեցրել է հայ մարդու կերպարի խնդիրը: Նա Հովհաննես Սարկավագի նման ունի բնության խոր զգացողություն եւ մարդուն կապում է ոչ միայն քրիստոնեական վարդապետությանը, այլեւ առնչում է բնությանն ու կենդանի իրականությանը: Բոլոր դեպքերում նա հետամուտ է մարդու համակողմանի զարգացմանը: Ըստ նրա` հայ մարդը, բնությունից չկտրվելով հանդերձ, պետք է սրբությամբ պահպանի նաեւ քրիստոնյայի պարտականությունները։ Ասում են, որ մարդու մարմինը կարծես պարսպապատված մի քաղաք է եւ ունի հինգ դուռ, դրանք հինգ զգայարաններն են` աչքը, ականջը, քիթը, բերանը եւ ձեռքը, որոնցով ընկալում եւ հարաբերությունների մեջ է մտնում արտաքին աշխարհի հետ: Բոլոր չարն ու բարին մտնում ու ելնում են այդ դռներով: Քաղաքի բնակիչը հոգին է: Մարդն օժտված է մտքով, որի շնորհիվ հսկում է չար ու բարի արարքները: Մարդու բարի գործը գանձ է, միտքն այդ գանձի պահնորդն է: Չարկամ դեւերն ուզում են գրավել քաղաքը եւ նվաճել գանձը, ուրեմն մարդը պիտի կարողանա չարն ու բարին իրարից զատել` դիմելով իր մտքի զորությանը: Կարելի է ապրել միայն բարի ընթացքով. չարն անխուսափելի չէ, բայց վայ նրան, ով անիմաստություն եւ կամքի թուլություն է հանդես բերում`տարիների ընթացքում ծանրացնելով մեղքերի իր բեռը: Իր իմաստասիրական հայրեն-բանքերից մեկում նա ասում է.

 

Ելայ ժողուեցի զիմ մեղքն ու դըրի առջեւս ու լացի,

 Յանդէնըն քարւան կերթար, շալկեցի’ ւ ի հետ գընացի,

 Հրեշտակն այլ ի դէմս ելաւ, թ’ Ո՞ւր կերթաս ողորմ ու լալի,

 Այդ շալիկդ որ դու ունիս` անդէնին քեզ տեղ չի ընկնի(Հովհ. Երզնկացի, Բանք չափաւ, էջ 37):

Սա դրախտը երազող մարդու ողբերգությունն է, որի կատարած մեղքերը փակել են փրկության ճամփան: Նա խորհում է մարդու բախտի մասին. մեկին ճակատագիրը բարձրացնում է, մյուսին` գցում, հետո փոխվում է ամեն ինչ, ներքեւինը բարձրանում, վերեւինը խորտակվում է, եւ այդպես՝ փոխնիփոխ, շարունակ: Ո՞րն է փրկությունը. մարդու ողորմածությունը, գթասրտությունը, որոնք միայն ապահովում են մարդու անմահ հոգու փրկությունը:

Հովհաննես Պլուզ Երզնկացու գրած խոհական, խրատական հարյուրավոր հայրեններ առանց լուրջ հիմքի վերագրվել են Նահապետ Քուչակին, բայց ձեռագրերը վկայում են ճիշտ հակառակը: Հովհ. Երզնկացին 13-րդ դարի հայ աշխարհիկ քնարերգության առաջին արտահայտիչը եղավ:

 

 

Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Թողնել մեկնաբանություն