Սկիզբը՝ 2012 Մարտ Բ

Հովհաննես Կոլոտը դարձավ Կ. Պոլսի պատրիարք, երբ լոկ վարդապետ էր եւ ընդամենը 37 տարեկան։ Նա Երուսաղեմի պատրիարքության թեկնածու առաջադրեց Գրիգոր եպիսկոպոս Շիրվանցուն, որը Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդն էր եւ անգամ տեղեկություն չուներ այդ ամենի մասին։ Կոլոտը պատրիարք դարձավ Խաչվերացի շաբաթապահքի ուրբաթ օրը, եւ նա հաջորդ օրը Երուսաղեմի պատրիարք հիշեց Գրիգորին, որով Երուսաղեմի պատրիարքությունը վերկանգնվեց։ Գրիգորի հիշատակությունն իրենից առաջ պարզապես հարգանքի տուրք էր իր եպիսկոպոս ընկերակցին։ Դա կատարվեց 1715 թվի սեպտեմբերի 9-ին եւ 10-ին։ Այն խանդավառությամբ ընդունվեց ժողովրդի կողմից։ Ինչ վերաբերում է Հովհաննես Գանձակեցուն, ապա, պահպանված մի տեղեկության համաձայն, նա փախել է Պարսկաստան, ձերբակալվել, բանտարկվել եւ զրկվել պատրիարքությունից։ Ասվում է, որ նա, իբր, մնացել է միայն Երուսաղեմի պատրիարք եւ չարչարել է աղքատներին ու վատնել եկեղեցու ունեցվածքը։ Մ. Օրմանյանը կարծում է, որ դա թյուրիմացություն է, քանի որ ականատես պատմիչ Հաննան այդ մասին ոչինչ չի հայտնում։
Կոլոտի պատրիարքությունը, սակայն, հաստատվեց օսմանյան իշխանությունների կողմից միայն մեկ տարի ութ ամիս անց։ Բավական դժվար եղավ Գրիգոր Շիրվանցուն հաճեցնելը, ինչը հնարավոր եղավ Աստվածատուր կաթողիկոսի հարկադրական հրամանով։ Բայց Գրիգորի հավանությունը ձեռք բերվեց միայն երկու տարի անց։ Այս խնդիրները հաջողելու համար մեծ գումար ծախսվեց։ Հարկ եղավ, որ Կոլոտն անձամբ՝ մի շարք մեծամեծների հետ Ադրիանուպոլիս՝ սուլթան Ահմեդի մոտ գնա՝ իր պատրիարքության հաստատությունն ստանալու համար։ Դժվար չէ տեսնել, որ Կոլոտի չորս տարվա պայմանաժամից ավելի քան երկուսուկեսն անցավ այս ընթացքում։
Հովհաննես Կոլոտը եւ Գրիգոր Շիրվանցին, որ սկզբում դժկամություն էր հանդես բերել, ջերմեռանդորեն գործի անցան։ Գրիգորը նույնիսկ պարանոցին երկաթե անուրներ հագավ՝ ուխտելով դրանք չհանել, քանի դեռ չլուծի Երուսաղեմի վանքի պարտքերի խնդիրը եւ այդ պատճառով ստացավ Շղթայակիր, իսկ օտարների կողմից՝ Զինջիրլի մականունը։ Գրիգորը դարձավ պատրիարք 1717 թ., չնայած գրողներ էլ կան, թե դա տեղի է ունեցել 1718-ին։ Թերեւս, 1718 թվականը պարանոցին շղթա անցկացնելու ժամանակն է։ Վիզը շղթա անցկացնելով՝ Գրիգորը, կարծես, ցույց էր տալիս վանքի վիճակը, որը թաղված էր պարտքերի տակ։ Գրիգորը հավատացյալներին մշտապես կոչ էր անում օգնել վանքին՝ պարտքերը մարելու համար։ Գրիգորի անձնվիրությունը եւ Հովհաննես Կոլոտի՝ նրան հովանավորելը տվեցին իրենց արդյունքը։ Վանքն սկսեց առատ նպաստներ ու նվերներ ստանալ, ինչը մեծապես օգնեց միաբանությանը։
Գրիգորն անմիջապես չմեկնեց Երուսաղեմ, քանի որ այնտեղ գտնվելով՝ չէր կարող պարտքի խնդրով զբաղվել։ Երկու պատրիարքների կոնդակով Գրիգորի տեղապահ նշանակվեց Հովհաննես վարդապետ Երուսաղեմացին կամ Հեննե վարդապետը, որն ավելի շատ հայտնի է Հաննա անունով։ Նա Երուսաղեմում եղել էր Կոլոտի հավատարիմը, օգնության խնդրանքով դիմումներ հղել շատերին, այդ թվում նաեւ՝ Աստվածատուր կաթողիկոսին եւ արեւելյան թեմերին։ Օգնելու նպատակով 1721 թ. հոկտեմբերի 18-ին կաթողիկոսը Կարինից ետ կանչեց Էջմիածնի նվիրակ Մխիթար Գողթնացուն, որպեսզի կարնեցիք իրենց նպաստները տան Երուսաղեմին։ Իսկ մինչ այդ, երբ թվում էր, թե ամեն բան հաջող է ընթանում, 1718 թ. հուլիսի 5-ի շաբաթ կեսգիշերին ահավոր հրդեհ բռնկվեց Կ. Պոլսում, որը 34 ժամվա ընթացքում ավերեց մայրաքաղաքի մեծ մասը։ Հրդեհի ճարակ դարձան Մայր եկեղեցին ու պատրիարքարանը եւս։ Տուժեցին հայ շատ մեծանտուններ։ Սակայն մեծամեծների գլխավորները չհուսահատվեցին եւ 1719-ին սկսեցին ու 70 օրում ավարտեցին պատրիարքարանի վերաշինությունը։ Ըստ որում, այդ արվեց ավելի մեծ շքեղությամբ, եւ նավակատիքը կատարվեց Տյառնընդառաջին՝ Գրիգոր Շղթայակրի ղեկավարությամբ, քանի որ եպիսկոպոսական աստիճան ուներ։ Դրանից հետո կրկին ձեռնամուխ եղան Երուսաղեմի հոգսերը հոգալուն։ Պարտքերն սկսեցին կանոնավոր վճարել, գրավ դրված կալվածքները եւ եկեղեցական սպասքն աստիճանաբար սկսեցին փրկագնել, եւ առաջիկա ծախսերի համար էլ գումարներ հայթայթվեցին։ Հանգանակությունները շարունակվեցին նաեւ Երուսաղեմում, որտեղ դրանք իրականացվում էի Հաննա վարդապետի կողմից՝ համաձայն պատրիարքների հրահանգների ու խորհուրդների։ Երբ գործերը նշանակալից չափով կարգավորված էին, 1721 թ. Գրիգոր պատրիարքը մեկնեց Երուսաղեմ։
Օրու մահից հետո Մինաս վարդապետ Տիգրանյանը երեք տարի մնաց Աստրախանի կողմերում՝ փորձելով ռուսներին դուրս բերել պարսիկների դեմ՝ Հայաստանի ապահովության նպատակով։ Սակայն Պյոտր ցարը ո՛չ հրաժարվում էր այդ խնդրից, ո՛չ էլ անցնում էր դրա իրականացմանը. լոկ ձգձում էր ձեռնարկը։ Նա 1715 թվին Արտեմ Վոլինսկու հետ դեսպանության կազմում մեկնեց Պարսկաստան՝ հանձնարարություն ստանալով տեղեկություններ հավաքել Հայաստանի վերաբերյալ։ 1716 թվի հուլիսին նա Էջմիածնում այցելեց Աստվածատուր կաթողիկոսին։ Սակայն կաթողիկոսը զգուշավորություն հանդես բերեց Մինասի առաջարկների հարցում, քանի որ դրանց հարելը կարող էր պարսիկների վրեժխնդրությունը շարժել։ Մինասը հետո անցավ Գանձասար, որտեղ հանդիպեց Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսին՝ արժանանալով լավ ընդունելության եւ ձեռնադրվելով արքեպիսկոպոս։ Եսային անգամ 1716 թվի օգոստոսի 10-ին նամակ գրեց Պյոտր ցարին՝ խոստանալով ամեն ինչով օգնել կայսրին՝ Հայաստան արշավելու դեպքում։ Հարկ է նշել, որ Աստվածատուրի եւ Եսայու հարաբերությունները բավականին սառն էին։ Պատճառն այն էր, որ Ալեքսանդր կաթողիկոսը պաշտպանել էր Եսայուն՝ հակաթոռ Ներսես կաթողիկոսի դեմ ունեցած պայքարում եւ նրան տվել, որպես թեմ, Շամախին ու Շիրվանը՝ շրջակա տարածքներով։ Աստվածատուրը Ներսեսի կաթողիկոսությունը չէր ընդունել, սակայն Շամախին, Շիրվանն ու Շաքին նոր կոնդակով հանել էր Գանձասարի կաթողիկոսության ենթակայությունից։ Հենց 1716 թվին էր ստեղծվել այդ կացությունը։
Մինասը Հայաստանից վերադառնալուց հետո մեծ նեղություններ կրեց եւ անգամ բանտարկվեց։ Նա միայն 1717 թվի մարտի 14-ին հայտնվեց Մոսկվայում՝ տեղեկություններ հայտնելով Պյոտր ցարին։ Հասկանալի է, որ նույն ժամանակներում վերադարձավ նաեւ Վոլինսկին, սակայն նրա տեղեկությունները հայերի եւ Արեւելքի քրիստոնյաների մասին նպաստավոր չէին։ Իսկ այդ այն ժամանակ, երբ Պարսից տերությունը հոգեվարք էր ապրում, եւ Վրաց թագավորությունը պատրաստ էր ապստամբելու։ Այսպես թե այնպես, երկուսի տեղեկություններն էլ պետք էին պարսկական արշավանքին պատրաստվող Պյոտր ցարին։
Իսկ Պարսկաստանը ծանր կացության մեջ էր։ 1717-ին աֆղան Միր-Մահմուդն արշավեց Պարսկաստան։ Աֆղանները սյուննի էին, իսկ պարսիկների՝ շիա։ Հարավում գլուխ բարձրացրին քրդերը, իսկ հյուսիսում՝ լեզգիները։ Վերջիններս 1718 թվին արշավեցին Պարսկաստանի այսրկովկասյան տիրույթների վրա։ Թշնամիները մտան Սալմաստ ու Համադան, Արարատ ու շարժվեցին Սպահան։ Ծանր վիճակ ստեղծվեց հայերի, մասնավորապես՝ Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսությունների թեմերի համար։ Ապստամբության ծրագրով խանդավառված Եսային, այնուամենայնիվ, շատ լավ հասկանալով պահի վտանգավորությունը, մի կողմից Մինաս վարդապետին մեծ զգուշավորության կոչ էր անում, իսկ մյուս կողմից՝ 1719-ին անձամբ ներկայանալով Աստվածատուր կաթողիկոսին եւ խոստովանելով իր հանցանքը՝ հաշտվեց նրա հետ եւ հատուկ կոնդակով կրկին ստացավ Շիրվանի թեմը։ Բայց շիրվանցիք դժգոհ էին, թե իրենք Էջմիածնի թեմ են եւ ոչ մի պարտավորություն չունեն Գանձասարի նկատմամբ։ 1720-ին Եսային կրկին այցելեց Աստվածատուրին եւ նրա օգնությամբ կարողացավ ստանալ նաեւ Գանձակի, Նախիջեւանի, Ագուլիսի, Ղափանի ու Տփղիսի վիճակները։
Հայոց Արեւելից կողմերը հիշյալ շրջանում ոտնակոխ էին լինում լեզգիների կողմից եւ հարստահարվում ծանր հարկերի պատճառով։ Ի վերջո, 10-12 հազար զինված մարդիկ հավաքվեցին, որպեսզի հակահարված տան լեզգիներին։ Հրամանատարներ են հիշվում անձամբ Եսայի կաթողիկոսը, Շիրվան Պարտավցին, Սարգիս Ջլաբերդցին, Հովսեփ Գանձակեցին եւ այլք։ Ցավոք, սկզբում իրական արդյունքը մեծ չէր։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Թողնել մեկնաբանություն