Սկիզբը՝ 2012 Մարտ Բ-Ապր. Ա

Պարսկաստանում գործերը շատ տագնապահարույց էին։ Միր-Մահմուդը, որ սպանել էր գահին տիրացած իր հորեղբայր Միր-Աբդուլլահին, նոր պատերազմ ձեռնարկեց. 1721-ին գրավեց Կրման նահանգը եւ արշավեց Սպահանի վրա։ Նա հաստատվեց Գուլնապատի դաշտում, իսկ Հուսեյն շահը ապավինեց Սպահանի միջնաբերդին։ Այդ եղավ 1721 թվի սեպտեմբերի 30-ին։ Նոր Ջուղան քաղաքի պարիսպներից դուրս էր եւ անպաշտպան։ Ջուղայեցիներին, չնայած խնդրանքներին, քաղաք մուտք գործել չթողեցին՝ մտածելով, որ աֆղանները, հայերին կողոպտելով, կարող են հագենալ եւ ետ դառնալ։ Սակայն պարսիկները տանուլ տվեցին Ֆահրապատի ճակատամարտում, եւ աֆղաններն սկսեցին սպառնալ Նոր Ջուղային։ Նոր Ջուղայի պարսիկ կառավարիչը փախավ, եւ հայերը Միր-Մահմուդի ողորմությանը դիմեցին՝ հարուստ նվերներով։ Հայերի պատվիրակությունը գլխավորում էր Մարգար Բաղդասարյան Լղվորենցը՝ մի հմուտ վաճառական եւ քաղաքական գործիչ։ Միր-Մահմուդը պահանջեց 70000 թուման հարկ, որն ստիպված եղան ջուղայեցիներն ընդունել՝ կամա թե ակամա։ Նոր Ջուղան հայտնվեց ծանր կացության մեջ, բայց որն անհամեմատելի էր այն սոսկալի սովի հետ, որը տիրեց Սպահանում եւ 20000 մարդու կյանք խլեց, իսկ շահ Հուսեյնն էլ ստիպված եղավ անձնատուր լինել եւ իր ձեռքով թագը դնել Միր-Մահմուդի գլխին։ Սպահանն ընկավ 1722 թվի մայիսի 13-ին՝ Պենտեկոստեի կիրակի օրը։ Օտարները, սակայն, նշում են հոկտեմբերի 12-ը, իսկ նրանց՝ 600000 անձանց կոտարածի մասին տեղեկությունը Մ. Օրմանյանն իրականությունից հեռու է համարում։ Ջուղայեցիները թեպետ կոտորածների չենթարկվեցին, սակայն հարստահարության մշտական աղբյուր դարձան աֆղանների համար։ Ավելին. նրանք ձեռք բերեցին պարսիկների թշնամությունը։ Իբր հայերն աֆղանների համախոհներն են եղել եւ մեծ վնաս տվել պարսիկներին։ Աֆղանների մոտ գնացած պատվիրակությունը պատճառ դարձավ, որ հինգ հոգի անմեղ տեղը նահատակվի։ Նրանց գերեզմանները պահպանվում են Ջուղայի եկեղեցիներում։ Նրանց բոլորին էլ նահատակել են 1722 թվին։
Շահ Հուսեյնի գերվելուց հետո նրա որդի Թահմասպը կամ Թահմազը Մազանդարանում իրեն շահ հռչակեց եւ անցավ Ատրպատական ու Թավրիզը դարձրեց իր կենտրոնը։ Նա պատրաստվում էր արշավել աֆղանների դեմ։ Պարսկները տրամադրել էին նորաթուխ շահին, որ հայերին կոտորի, թե իբր նրանք աֆղաններին օգնել են, սակայն ժամագործ Հովհաննեսը կարողացավ Թահմազին համոզել, որ այդպես չէ, եւ կոտորածի դեմն առավ։ Սակայն Թահմազն իրեն տվել էր հարբեցողության, ուստի էական ոչինչ չկարողացավ անել աֆղանների դեմ։ Նա բեռ էր դարձել հենց յուրայիններ համար։ Ստիպված էին նրա պետքերը հոգալ նաեւ իշխանավոր Աստվածատուրը՝ Աստապատում, Աստվածատուր կաթողիկոսը՝ Նախիջեւանում, եւ երկիրը, փաստորեն, հայտնվել էր անտերունչ վիճակում։
Քնած չէին օսմանյան թուրքերը, որոնք պահը հարմար դիտեցին՝ դեպի Պարսկաստան արշավելու համար։ Նրանց հրահրում էին նաեւ Շիրվանի սյուննի մահմեդականները, որոնք նեղվում էին լեզգիներից։ Ահմեդ Գ սուլթանի եւ մեծ վեզիր Տամատ Իբրահիմի հրամանով պարսիկների դեմ ուղարկվեց Դավութ խանը՝ նշանակվելով այդ կողմերի կուսակալ։
Վիճակը շատ ծանրացավ հատկապես հայերի համար, եւ նրանք էլ դիմեցին Պյոտր ցարի օգնությանը։ 1722 թվի դեկտեմբերի 20-ին Հաղպատի առաջնորդ Մինաս Փերվազյանը, որ Վրաստանի հայերի արքեպիսկոպոսն էր, ընդարձակ նամակով դիմեց Մինաս Տիգրանյանին, որ նա համոզի Պյոտր ցարին արշավելու Հայաստան։ Ասվում է, որ միայն թե ցարի անունը լինի, եւ ոտքը տեղ հասնի, հարյուր հազար հայ զինվոր կգա նրա ոտքը։ Չարշավելու դեպքում, նշվում է, ղզլբաշները հայերին կկոտորեն, ուստի անհրաժեշտ է, որ Երեւանը գրավվի։ Նշվում է նաեւ, որ Ղարաբաղի եւ Ղափանի հայերը միաբանյալ խիզախորեն կռվում են, բայց ղեկավար ու տեր չունեն, եւ հույս էր հայտնում, որ Աստծու օգնությամբ եւ առաջնորդությամբ ցարը հասնի Շամախի։ Մինաս վարդապետը դիմեց ցարին, սակայն 1723-ին Եսայի կաթողիոսն էլ անձամբ դիմեց Պյոտրին՝ օգնության խնդրանքով։ 1723 թվի մարտին նաեւ Խաչենի հակաթոռ կաթողիկոս Ներսեսը նույնանման բովանդակությամբ դիմեց Պյոտր ցարին. Հյուսիսային պատերազմն ավարտվել էր Ռուսաստանի հաղթանակով, ուստի պահը շատ հարմար էր։ 1723 թվի մայիսի 3-ին, հայանպաստ հայտարարություն անելով, ցարը ռուսական բանակով շարժվեց դեպի Պարսկաստան։ Նա գրավեց Թերեքը, Դերբենդը, Բաքուն, սակայն ցարի ետ դառնալուց հետո ռուսներն առաջ չշարժվեցին դեպի Գիլան եւ Մազանդարան։ Իրենք իրենց Պարսից շահ համարող Միր-Մահմուդը եւ Թահմազը ոչ այնքան օտարների դեմ էին կռվում, որքան՝ միմյանց։ Անշուշտ, մի պահ կարծես թե ռուս-օսմանյան բախման վտանգ կար, սակայն շուտով կողմերը դիվանագիտական համաձայնության եկան՝ ֆրանսիական դեսպանի միջնորդությամբ։ Որոշվեց երկու պետությունների կողմից գրավվելիք տարածքը, Թահմազի բաժինը, իսկ եթե վերջինս այդ պայմանին չհամաձայներ, ապա այդ պայմնանն ընդունող որեւէ իշխանի թագավոր դարձնել։ Ռուս-թուրքական պայմանագիրը կնքվեց 1724 թ. հունիսի 13-ին, իսկ Պյոտր ցարն այն վավերացրեց 1725 թվի հունվարին։ Վավերացված օրինակը Կ. Պոլիս բերեց մի հատուկ պատգամավոր։ Սակայն Պյոտրը 1725 թվի հունվարի 18-ին մահացավ՝ 53 տարեկան հասակում, եւ նրան փոխարինեց Եկատերինա Ա կայսրուհին՝ նրա կինը։ Սա պայմանագիրը հաստատեց, որով Դերբենդը, Բաքուն, Գիլանը, Մազանդարանը եւ Աստարապատը անցնում էին Ռուսաստանին, իսկ Երեւանը եւ Թավրիզը՝ իրենց նահանգներով՝ օսմանյան կայսրությանը։ Թուրքերն էլ, համաձայն այդ պայմանագրի, 1724 թ. գրավեցին Երեւանը, հետո՝ Ղարաբաղը, Մարաղան, Ուրմիան, Մուղանը, իսկ 1725 թ հուլիսի 21-ին՝ Թավրիզը։
Ստեղծվեց մի վիճակ, երբ մի մահմեդականի լուծը փոխարինվեց մեկ ուրիշով, իսկ ռուսները, ստանալով Կասպից ծովի արեւմտյան եւ հարավային ափերը, լրիվ մոռացան հայերին տված խոստումները։ Հայերը, դեռ պայմանագիրը չվավերացված, դիմել էին Պյոտր ցարին, որ հանուն Քրիստոսի սիրուն՝ գա իրենց ազատի թուրքերի ձեռքից, սակայն պայմանագիրը վավերացնելուց հետո ցարը հայերին առաջարկեց տեղափոխվել ռուսական նոր տիրույթները, եթե չեն ուզում մնալ թուրքերի տիրապետության ներքո։
Քանի դեռ Գրիգորը Կ. Պոլսում էր, Կոլոտի ողջ ջանքերն ուղղված էին Երուսաղեմի պարտքերը մարելուն։ Հանգանակությունների միջոցով այնքան գումար էր հավաքվել, որ Գրիգոր Շղթայակիրը կարող էր գնալ Երուսաղեմ եւ ձեռնամուխ լինել վանքի բարենորոգմանը։ Նա Երուսաղեմ մեկնեց 1720 թվի ամռանը։ Բերիայում կամ Հալեպում կրկին շքեղազարդեց հոգետունը եւ կալվածներ գնեց՝ հանուն սուրբ Սաղիմի։ 1721 թ. փետրվարի 12-ին հասավ Երուսաղեմ՝ բազմաթիվ ուխտավորների հետ։ Շատ հավանական է, որ նա ճանապարհին անգործ չի մնացել եւ դարձյալ կազմակերպել է հանգանակություններ։
Գրիգորի գալուց հետո առաջին հինգ տարիները եղան Երուսաղեմի վանքի կատարյալ վերակենդանության շրջան։ Ցավոք, այդ մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել։ Նա վճարեց վանքի բոլոր պարտքերը, պատռեց ձեռագիր մուրհակները, ետ վերադարձրեց գրավ դրված բոլոր սրբություններն ու սպասքը։ Վերադարձրեց Յոպպեի խանութները, Ռեմլեի տները, պարտեզներն ու քաղաքում գտնվող տները։ Այս բոլոր գործերում նրան օգնում էին Հովհաննես Երուսաղեմացին, Դավիթ Սպարկերտցին եւ Հակոբ Ուռհայեցին։ Սբ Հակոբի մայրավանքը լուրջ նորոգման ենթարկվեց, ինչպես հաղորդում է Հաննան։ 1725 թվին ավարտվեց Յոպպեի վանքի ու եկեղեցու շինությունը։ Բարեկարգվեց վանքի ներքին կյանքը։
Հովհաննես Կոլոտի՝ մինչեւ 1725 թ. գործունեությունը որոշակի մասով նվիրված էր Երուսաղեմին, եւ դրա համար շարունակվում էին հանգանակությունները, ու քաջալերվում էր ուխտագնացությունը։ Նրա ձեռքբերումներից էր Երուսաղեմի Սբ Հարության եկեղեցու նորոգման համար պետական արտոնություն ստանալը։ Այդպիսի արտոնություն առաջինը ձեռք էր բերել Ֆրանսիայի դեսպանը՝ կաթոլիկների համար, իսկ հետո ստացել էին հույները։ Հովհաննես Կոլոտը կարողացավ նման արտոնահրաման ստանալ նաեւ հայոց եկեղեցիների վերանորոգման համար։ Հաննան ձեռնամուխ եղավ Սբ Հարության եկեղեցու նորոգությանը, երբ Շղթայակիրը դեռ Երուսաղեմ չէր հասել։ Կոլոտը նույն գործը կատարեց մայրաքաղաքում եւ Մայր եկեղեցու վերաշինությունից հետո ձեռնամուխ եղավ Սամաթիայն Սբ Գեւորգ եւ Օրթաքյոյի Սբ Աստվածածին եկեղեցիների վերանորոգությանը։ Սակայն նրա համար ամենակարեւոր խնդիրը մնում էր հռոմեամետների թնջուկը։ Նա երբեք իր դիրքերը չզիջեց, բայց ոչ էլ բուռն ընդդիմություն ցույց տվեց նրանց։ Այլ Եկեղեցիների դրականը վերցնելուն նա դեմ չէր, բայց դրա համար նա մտադիր չէր հայադավանության սկսզբունքներից հրաժարվել։ Նա հեռահար դիվանագիտություն սկսեց՝ հրավիրելով հռոմեամետների առաջնորդներին ու նրանց բացատրելով օտար եկեղեցիներ հաճախելու հնարավոր վտանգները՝ կապված կառավարական շրջանների կասկածների հետ, ինչը կբերեր Հայոց ազգային Եկեղեցին անարգելուն։ Որպես առաջին քայլ՝ նա առաջարկում էր գոնե տոն եւ կիրակի օրերին հաճախեն ազգային եկեղեցիներ։ Եվ Կոլոտի քայլերը հաջողեցին։ Դրան չէին ուզում համակերպվել, սակայն, կաթոլիկ եպիսկոպոսը, լատին աբեղաները եւ լատինների մոտ կրթվածներն ու կաթոլիկներից շահագրգռված եկեղեցականները։ Նա շարունակեց իր խոհական կեցվածքը եւ անգամ դիմեց լատին եպիսկոպոսին, որ զսպի յուրայիններին, բայց դա էական արդյունք չտվեց։ Այդժամ Կոլոտը հայտարարեց, որ համբերության բաժակը լցվեց՝ համոզվելով, որ իր բռնած դիրքը կարող է իշխանությունների կողմից դիտվել որպես օտարասիրության դրսեւորում։ Հռոմեամետները նրան չէին լսում, իսկ հայադավանները նրան բռնադատում էին, ուստի նա իշխանություններին հայտնեց, որ կաթոլիկամետները ֆրանկ առաջնորդ ունեն, որի հրամաններն էլ կատարում են։ Դրանից հետո կառավարությունը թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ գավառներում վճռական քայլեր ձեռնարկեց՝ հռոմեամետներին զսպելու համար եւ հսկողություն սահմանեց կաթոլիկ եկեղեցիները մտնողների վրա։ Դա եղավ 1720 թ., երբ Շղթայակիրը թողնում էր Կ. Պոլիսը։ Կոլոտը չուզեց խստացնել կառավարության հրամանների գործադրումը, ուստի պատմությունը ոչինչ չի ասում բանտարկվածների ու պատժվածների մասին։ Հռոմեամետները, սակայն, նշում են գավառներում մի քանի բանտարկվածների մասին, որոնք տուգանք մուծելով՝ ազատվել են։ Նման դեպքեր եղել են Բերիայում, Կարինում, Բասենում, Անկյուրիայում, Ամիդում, Երզնկայում, Բաբերդում եւ այլուր։ Բայց դա ավելի շուտ մեծ վեզիրի հրամանը տեղերում չարաշահելու եւ դրամ վաստակելու հետեւանք էր, որովհետեւ տուգանվածների մեջ եղել են նաեւ ոչ հռոմեամետներ։ Ձերբակալությունները եւ տուգանքները թուլացան, երբ հռոմեամետների գլխավորները կառավարությանը խոստացան օտարների հրամանները չկատարել։ Շատ չանցած՝ նրանք իրենց խոստումը չհարգեցին, եւ դրա հետեւանքով 1723 թվին խստությունները ոչ մեծ չափով կրկնվեցին։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Թողնել մեկնաբանություն